ՌԴ հատուկ ծառայությունները ձերբակալել են ծայրահեղական խմբավորման մոտ 7 տասնյակ անդամի

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներըը ներքին գործերի նախարարության հետ համատեղ Մոսկովյան շրջանում ձերբակալել են ծայրահեղական համարվող «Թաբլիգի Ջամաաթ» խմբավորման 69 անդամի։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ԱԴԾ-ի հաղորդագրությանը։

«2017 թ․ նոեմբերի 14-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության և ներքին գործերի նախարարության համատեղ ջանքերով Մոսկովյան շրջանում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել են «Թաբլիգի Ջամաաթ» ծայրահեղական խմբավորման անդամները», - ասվում է ԱԴԾ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ խմբավորման անդամների մեծ մասն ունեին միջինասիական ծագում․ կային նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ։ Ձերբակալվածների մոտից խուզարկությամբ հայտնաբերվել են կապի միջոցներ, ծայրահեղական գրականություն, ինչպես նաև տեղեկատվության էլեկտրոնային կրիչներ։

Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ։

Հիշեցնենք, որ այս նույն խմբավորման անդամներն ավելի վաղ ձերբակալվել էին Ղրիմում, Կազանում, իսկ նախորդ տարվա դեկտմբերին՝ Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.