Իսպանիայի վարչապետը հույս ունի, որ Կատալոնիայի խորհրդարանի ընտրություններում անկախության կողմնակիցները չեն հաղթի

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հույս է հայտնել, որ Կատալոնիայի խորհրդարանի՝ դեկտեմբերի 21-ին նշանակված արտահերթ ընտրություններում հաղթանակի չեն հասնի անկախության կողմնակիցները։ Այս մասին Իսպանիայի վարչապետը խոսել է COPE ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում։

«Ես կոչ եմ անում զանգվածային մասնակցության։ Յուրաքանչյուր հաղթող պետք է գործի օրենքի շրջանակներում։ Մենք աշխատելու ենք, որ Կատալոնիայի անկախությանը կողմնակից ուժերը հաղթանակի չհասնեն», - նշել է Ռախոյը։

Նա մեկնաբանել է նաև Մադրիդի կողմից սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որով սահմանափակվում էր Կատալոնիայի ինքնավարությունը։ Նրա խոսքով՝ իրենք չեն ցանկացել կիրառել նշված հոդվածը։

Մարիանո Ռախոյը հույս ունի, որ կատալոնական ճգնաժամի խաղաղ կարգավորումից հետո տնտեսության աճ կգրանցվի։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.