ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կփոխհատուցի զինծառայողների սեռափոխության վիրահատությունների գումարները

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ կփոխհատուցի զինծառայողների սեռափոխության վիրահատության գումարները։ Այս մասին հաղորդում է NBC լրատվական գործակալությունը։

«Այսօր մեր զինծառայողներից մեկը ենթարկվել է սեռափոխության վիրահատության։ Մեր ռազմական հոսպիտալների վիրաբույժները չունեն նման վիրահատություններ կատարելու փորձ, այդ իսկ պատճառով էլ վիրահատությունը կատարվել է մասնավոր կլինիկայում», - ասվում է Պենտագոնի հաղորդագրության մեջ, որը տարածել է լրատվականը։

Հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ զինծառայողը սեռափոխության գործընթացն սկսել էր ավելի վաղ, իսկ նրան բուժող բժիշկն անհրաժեշտ էր համարել վիրահատական միջամտությունը։ Այս կապակցությամբ՝ ԱՄՆ պաշտպանության նախարարության առողջապահության վարչության ղեկավարը միջոցներ էր հատկացրել սեռափոխությունը վիրահատության միջոցով իրականացնելու համար։

Հիշեցնենք, որ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք հանվել էր ամերիկյան բանակում տրանսգենդերների ծառայության արգելքը։ Այս տարվա հուլիսին Թրամփը  պաշտոնապես վերականգնել էր այդ արգելքը՝ կարգադրելով ուժային կառույցների ղեկավարներին վերականգնել զինվորական ծառայությունում տրանսգենդերների նկատմամբ քաղաքականությունը։

Այս տարվա փետրվարին Թրամփը չեղարկել էր տրանսգենդերների մասին Օբամայի օրոք ընդունված ևս մեկ որոշում․ այն է՝ դպրոցներում վերջիններիս թույլ տալ մտնել իրենց սեռական կողմնորոշմանը համապատասխան զուգարաններ։ Այս որոշումը ստիպողաբար չի եղել, սակայն զգուշացվել է, որ ընդունված կարգին չհետևելու դեպքում դպրոցը կարող է զրկվել ֆինանսավորումից։

Համաձայն տարբեր հաշվարկների՝ ԱՄՆ-ի զինված ուժերում ծառայում է 1300-ից մինչև 6000 տրանսգենդեր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.