Հետաքննությունների դաշնային բյուրոն չի կարողացել ապացուցել Թրամփի մերձավորների և Ռուսաստանի միջև կապի մասին լուրերի ճշմարտացիությունը

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն և արդարադատության նախարարությունը չեն կարողացել հաստատել Դոնալդ Թրամփի մերձավորների և Ռուսաստանի միջև կապի մասին պնդումները։ Այս մասին գրում է ամերիկյան Washington Examiner թերթը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԴԲ-ն այս գործի մասին փաստաթղթերի առաջին փաթեթն ստացել է 2016 թ․ հուլիսին, իսկ մնացած մասը՝ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ։ Փաստացի՝ բյուրոն այդ փաստաթղթերն ուսումնասիրելու համար ուներ ավելի քան մեկ տարի ժամանակ։

Արդեն այս տարվա օգոստոսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովը Հետաքննությունների դաշնային բյուրոյից և արդարադատության նախարարությունից պահանջել էր հաշվետվություն վերոնշյալ փաստաթղթերի փաթեթի հավաստիության մասին։ Ինչպես նշում է լրատվականը, հետաքննությամբ զբաղվող գերատեսչությունները հայտարարել են, որ չեն կարողացել գտնել Թրամփի մերձավորների և Ռուսաստանի միջև կապն ապացուցող որևէ ծանրակշիռ փաստ։

Ավելի վաղ New York Times-ը գրում էր, որ 2015 թ․, երբ Թրամփն առաջադրվեց որպես նախագահի թեկնածու, դեմոկրատական կուսակցության համակիրները և հանրապետականների շրջանում Թրամփի հակառակորդները դիմեցին Fusion GPS հետազոտություններ անցկացնող ընկերությանը, որպեսզի վերջինս կազմի ԱՄՆ ներկայից նախագահի մասին փաստաթղթերի փաթեթ, որտեղ կլինի տեղեկատվություն Թրամփի թույլ կողմերի և բիզնեսի հետ առնչություն ունեցող սկանդալների մասին։

2016 թ. Ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությունը պարզելու հետաքննությամբ զբաղվում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը և Հետաքննությունների դաշնային բյուրոն։ Գործը վարող հատուկ դատախազ է նշանակվել ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերը։ Հատկանշական է նաև, որ թե Սպիտակ տունը և թե Կրեմլը բազմիցս հերքել են նախընտրական շրջանում ռուս պաշտոնատար անձանց հետ Թրամփի ունեցած կապի մասին լուրերը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.