Կատալոնիայի նախկին ղեկավարը պատրաստ է հանդիպել Իսպանիայի վարչապետի հետ

Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կարլոս Պուչդեմոնը, որն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից Մադրիդի պահանջով, չի պատրաստվում քաղաքական ապաստան խնդրել Բրյուսելից և պատրաստ է հանդիպել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի հետ։ Այս մասին Պուչդեմոնը հայտարարել է գերմանական Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Ես հաստատապես որոշել եմ քաղաքական ապաստան չխնդրել Բելգիայից, - ասել է Պուչդեմոնը։ Նա պնդում է, որ երբեք էլ չի եղել փախստականի կարգավիճակում՝ չնայած իսպանական մամուլում հաճախ այդ մասին շրջանառվող լուրերին։

«Ես օրինական ճանապարհով ժամանել եմ Բրյուսել և երբեք չեմ թաքնվել», - հավելել է Կատալոնիայի նախկին ղեկավարը։

Նա հավաստիացնում է նաև, որ անթիվ նամակներ է ուղարկել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին՝ երկխոսության կոչ անելով վերջինիս։

«Նա ինձ ասել է տառացիորեն հետևյալը՝ «Ես չեմ կարող և չեմ ուզում»։ Իսկ ես պարտավոր եմ և ցանկանում եմ հանդիպել նրա հետ, քանի որ անհրաժեշտ է ելք գտնել ստեղծված իրավիճակից», - ասել է Պուչդեմոնը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.