Մանաֆորդը մինչև ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը 18 անգամ այցելել է Ռուսաստան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորդը մինչև 2016 թ․ նախընտրական քարոզարշավի մեկնարկը 18 անգամ այցելել է Մոսկվա և իբր համագործակցել Ռուսաստանի իշխանությունների հետ կապ ունեցող մարդկանց հետ։ Այս մասին նշվում է McClatchy լրատվակայքում տեղ գտած հոդվածում։

Ինչպես նշում է լրատվականը, Մանաֆորդն իր 18 այցելությունները Մոսկվա կատարել է տասը տարվա ընթացքում։ Հոդվածի հեղինակները պնդում են, որ 2014 թ․ փետրվարից սկսած Մանաֆորդը համագործակցել է ուկրաինական «Ընդդիմության ճակատ» կուսակցության հետ և հաջորդ 20 ամսիների ընթացքում 19 անգամ այցելել է Կիև։ Նշվում է, որ Մանաֆորդն, իբր, ուղղորդել է կուսակցությանը հակաքարոզչություն իրականացնել ՆԱՏՕ-ի դեմ։  

McClatchy թերթի հավաստմամբ՝ 2004-2015 թ․թ․ ընթացքում Մանաֆորդն Ուկրաինա է այցելել ավելի քան 138 անգամ։

Ինչպես նշում է Թրամփի նախընտրական շտաբի ղեկավարի փաստաբանը՝ իր պաշտպանյալը երբեք չի համագործակցել ռուսական իշխանությունների հետ, իսկ նրա դեմ առաջադրված բոլոր մեղադրանքները հեռու են իրականությունից։ Փասաբանի խոսքով՝ անհիմն են նաև պնդումները, թե Մանաֆորդն ուկրաինական որևէ կուսակցության ուղղորդել է հանդես գալ ՆԱՏՕ-ի դեմ։

Հիշեցնենք, որ Փոլ Մանաֆորդը հեռացվել է Թրամփի նախընտրաքան շտաբի ղեկավարի պաշտոնից նախորդ տարվա օգոստոսին, երբ նրան մեղադրեցին Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչից միլիոնավոր դոլարներ ստանալու մեջ։  

Այժմ Մանաֆորդի գործով զբաղվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։ Թրամփը և իր վարչակազմի անդամները բազմիցս հերքել են Մանաֆորդի՝ Ռուսաստանի հետ կապ ունենալու մասին մեղադրանքները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.