Եգիպտոսի հատուկ ծառայությունները մզկիթում տեղի ունեցած վերջին ահաբեկչությունից հետո ոչնչացրել են 30 զինյալների

Եգիպտոսի հատուկ ծառայությունների աշխատացները հակաահաբեկչական գործողության ընթացքում ոչնչացրել են մոտ 30 ահաբեկչի։ Այս մասին տեղեկացնում է Sky News Arabia հեռուստաալիքը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ահաբեկիչները ոչնչացվել են Սինայի թերակղզու կենտրոնական մասում գտնվող Էր Ռիսան բնակավայրում։ Բացի այդ, Եգիպտոսի ռազմաօդային ուժերը ռմբակոծել են նաև երեկ՝ նոյեմբերի 24-ին, տեղի մզկիթներից մեկում տեղի ունեցած հարձակմանը մասնակցած ավտոմեքենաները։

Նշվում է, որ իրավապահները շարունակում են որոնել ահաբեկիչների նոր հենակետեր։  

Հիշեցնենք, որ երեկ՝ նոյեմբերի 24-ին, Սինայի թերակղզու հյուսիսային Արիշ քաղաքի մզկիթներից մեկում տեղի էր ունեցել ահաբեկչություն։ Զինյալներն ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ներխուժել էին մզկիթի տարածք, որտեղ գործարկել էին ինքնաշեն պայթուցիկ սարք, այնուհետև սկսել էին կրակել մզկիթից փախչող քաղաքացիների ուղղությամբ։ Նշվում է, որ ահաբեկիչները կրակել են նաև դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենաներին, որոնք փորձում էին տանել վիրավոր քաղաքացիներին։

Վերջին տվյալների համաձայն՝ ահաբեկչության հետևանքով զոհվել է 235 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 130-ը։

Նշենք, որ «Էր Ռոուդա» մզկիթը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, համարվում է Սինայի թերակղզու ամենահայտնի մզկիթներից մեկը։ Այստեղ այցելում են հարյուրավոր քաղաքացիներ հարևան բնակավայրերից։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.