Պետությունը երբեք ոչինչ չի վերցրել Կատալոնիայից․ Իսպանիայի վարչապետ

Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը հայտարարել է, որ պետությունը ֆինանսական որևէ եկամուտ չունի և չի ունեցել Կատալոնիայից։ Այս մասին Ռախոյը խոսել է Telecinco ռադիոալիքի եթերում։

«Մենք վերականգնել ենք օրինականությունը, կազմակերպել ենք նոր ընտություններ Կատալոնիայում, իսկ այժմյան վարչակազմը գործում է նորմալ։ Դեկտեմբերի 21-ը (Կատալոնիայում նշանակված ընտրությունների օրը, - խմբ․) պետք է դառնա խաղաղության, համակեցության և մեծ առաջընթացի օր», - ասել է Իսպանիայի վարչապետը՝ հավելելով, որ Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլոս Պուչդեմոնն իսպանական կառավարության հետ ոչինչ չի քննակել։

«Ես կողմ եմ երկխոսությանը, բայց սահմանադրական բարեփոխումները չեն կարող օրինակ լինել սահմանադրությունը վերացնել ցանկացողների համար։ Նրանք ասում էին՝ պետությունը գողանում է մեզնից։ Դա բացարձակ սուտ է։ Իսպանիան երբեք էլ Կատալոնիայից ոչինչ չի վերցրել», - շարունակել է Ռախոյը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։

Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.