Սպիտակ տունը հերքում է Թիլերսոնի պաշտոնանկության մասին լուրերը

Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին հերքում է տեղեկություններն այն մասին, թե Ռեքս Թիլերսոնին պետքարտուղարի պաշտոնում պատրաստվում է փոխարինել Մայք Պոմպեոն։ Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեդեր Նաուերթը՝ մեկնաբանելով Թիլերսոնի պաշտոնանկության վերաբերյալ վերջերս շրջանառվող լուրերը։

«Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին այսօր առավոտյան զանգահարեց պետքարտուղարություն և ասաց, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Նաուերթը։

Նրա խոսքով՝ Քելին խոսել է Թիլերսոնի հետ։ Այդ հեռախոսազրույցի մասին այլ մանրամասներ Նաուերթը չի ներկայացնում։

Միևնույն ժամանակ մամուլի քարտուղարն ընդգծել է, որ նախագահ Թրամփի և պետքարտուղար Թիլերսոնի միջև կան հակասություններ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վերաբերյալ։

Մայք Պոմպեոն այժմ զբաղեցնում է Կենտրոնական հետախուզական վարչության պետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Times թերթը հաղորդում էր, որ Սպիտակ տանը ցանկանում են պաշտոնանկ անել Ռեքս Թիլերսոնին և պետքարտուղարի պաշտոնին նշանակել ԿՀՎ պետ Մայք Պոմպեոյին։ Աղբյուրի հավաստմամբ՝ ԿՀՎ պետի պաշտոնն այդ պարագայում կզբաղեցնի Արկանզաս նահանգից հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը։ The Washington Post-ի պնդմամբ՝ պաշտոնների տեղափոխության այս մտքի հեղինակը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.