Թուրքիայի իշխանությունները հրահանգել են ձերբակալել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակցին

Ստամբուլի գլխավոր դատախազությունը հրահանգել է ձերբակալել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակից Գրեմ Ֆուլերին, որը կասկածվում է 2016 թ․ հուլիսյան հեղաշրջման փորձի հետ առնչություն ունենալու մեջ։ Այս մասին տեղեկացնում է NTV հեռուստաալիքը։

Ֆուլերին կարող է մեղադրանք առաջադրվել սահմանադրությունը խախտելու, գործող իշխանություններին տապալելու փորձի և լրտեսության հոդվածներով։

Դատախազությունը փորձում է պարզել՝ արդյոք ԿՀՎ նախկին աշխատակիցը կապ ունի Գյուլենական շարժման հետ, որին Անկարան համարում է ահաբեկչական կազմակերպություն։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։    

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.