Իսպանիայի դատարանը հանել է Պուչդեմոնին ձերբակալելու հրամանը
Իսպանիայի Գերագույն դատարանը հանել է Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլոս Պուչդեմոնին ձերբակալելու մասին միջազգային հրամանը։ Այս մասին ասվում է դատարանի թվիթերյան գրառման մեջ։
«Դատավոր Պաբլո Լյարենան որոշել է հանել այս պահին Բելգիայում գտնվող Կարլոս Պուչդեմոնին ձերբակալելու մասին միջազգային հրամանը», - ասվում է գրառման մեջ։
Ավելի վաղ France Presse գործակալությունը հայտնում էր, որ դեկտեմբերի 14-ին Բրյուսելի դատարանը որոշում կկայացնի Կատալոնիայի նախկին վարչապետ Կարլոս Պուչդեմոնին Իսպանիա արտահանձնելու մասին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին Կատալոնիայի խորհրդարանի՝ անկախության հռչակումից հետո Իսպանիայի Սենատը հավանության է արժանացրել սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու մասին կառավարության դիմումը։ Այս հոդվածը թույլ է տալիս սահմանափակել Կատալոնիայի ինքնավարությունը։
Ավելի ուշ Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հայտարարել է Կատալոնիայի խորհրդարանի լուծարման, ինչպես նաև ինքնավարության ղեկավար Կարլոս Պուչդեմոնին և ոստիկանության պետին աշխատանքից ազատելու մասին։ Ռախոյը Կատալոնիայի խորհրդարանի նոր ընտրություններ է նշանակել դեկտեմբերի 21-ին։