Թուրքիայում ձերբակալել են Գյուլենի եղբորորդուն

Թուրքիայի ոստիկանությունը Անկարայում Գյուլենական շարժման դեմ հատուկ գործողության շրջանակներում ձերբակալել է  Ֆեթուլլահ Գյուլենի եղբորորդուն՝ Սելման Գյուլենին։ Այս մասին հաղորդում է Haberturk-ը։

Փետրվարին Թուրքիայի արևմտյան Մանիսա քաղաքում իրավապահները ձերբակալել էին Գյուլենի եղբորորդիներից ևս մեկին, իսկ 2016 թ․ հոկտեմբերին Իզմիրում ձերբակալվել էր կրոնական քարոզչի եղբայրը՝ Կութբեթթին Գյուլենը։

Աղբյուրի հավաստմամբ՝ դեկտեմբերի 6-ին Անկարայի դատախազությունը հրաման է արձակել Գյուլենական շարժման ենթադրյալ 87 անդամի ձերբակալության մասին։ Նրանցից 47-ն արդեն ձերբակալվել են։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1998 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.