Էրդողանը և Ալիևը սխալ են համարում Երուսաղեմի հարցով Թրամփի որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսային զրույցի ժամանակ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Դոնալդ Թրամփի որոշումը համարել են սխալ, որը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ Մերձավոր Արևելքում։ Ինչպես հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Իլհամ Ալիևին հրավիրել է Ստամբուլ մասնակցելու Երուսաղեմի հարցով համաժողովին։ Նախագահ Ալիևն ընդունել է հրավերը», - ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը «չափազանց կոպիտ սխալ են» համարել Թրամփի՝ Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու որոշումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև ցանկություն է հայտնել Թել Ավիվից այստեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունը։ Այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Պաղեստինում, ինչպես նաև մի շարք այլ մուսուլմանական երկրներում։

Սպասվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությամբ դեկտեմբերի 13-ին Ստամբուլում այս հարցով տեղի կունենա Իսլամական կոնֆերանս կազմակերպության անդամ երկրերի առաջնորդների և ԱԳ նախարարների հանդիպում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.