Սպիտակ տունը ցավում է, որ Պաղեստինի իշխանությունները հրաժարվել են հանդիպել փոխնախագահ Մայք Փենսի հետ

Պաղեստինի իշխանությունների՝ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի այցը չեղարկելու մասին որոշումը շատ ցավալի է։ Այս մասին հայտարարել է Փենսի ներկայացուցիչ Ջարոդ Էյգենը։

«Ցավալի է, որ Պաղեստինի իշխանությունները չցանկացան օգտագործել տարածաշրջանի ապագան քննարկելու հնարավորությունը։ Այս վարչակազմը նույնպես ջանքեր է գործադրելու իսրայելցիների և պաղեստինցիների միջև հակամարտությունը խաղաղությամբ կարգավորելու ուղղությամբ», - ԱՄՆ փոխնախագահի ներկայացուցչի խոսքերը մեջբերել է Reuters լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ Պաղեստինի ազատության կազմակերպության ղեկավար Սաիբ Արկատը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմի հետ «ոչ մի բանակցություն տեղի չի ունենա, մինչև չչեղարկվի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Դոնալդ Թրամփի որոշումը»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել է, որ Երուսաղեմը ճանաչում է որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչպես նաև ցանկություն է հայտնել Թել Ավիվից այստեղ տեղափոխել ամերիկյան դեսպանատունը։ Այս որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել Պաղեստինում, ինչպես նաև մի շարք այլ մուսուլմանական երկրներում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.