Սոմալիում ոստիկանական ակադեմիայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 13 մարդ

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյի ոստիկանական ակադեմիայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 13 մարդ։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Հուսեյնի խոսքով՝ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը, որն ակադեմիա էր ներխուժել ոստիկանական զորահանդեսի ժամանակ։

«Մեր տվյալներով՝ ոստիկանության ակադեմիայում զոհվել է 13 մարդ, վիրավորվել՝ 15-ը», - լրատվականի հետ զրույցում հայտնել է շտապօգնության ներկայացուցիչը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունի պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Աշ Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը։

«Աշ Շաբաբ»-ը (երիտասարդ մոջահեդների շարժումը, - խմբ․) Սոմալիում հիմնված ծայրահեղական խմբավորում է։ Այն ակտիվորեն համագործակցում է «Ալ-Քաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման հետ։

«Աշ-Շաբաբը» զինված պայքար է մղում Սոմալիի իշխանությունների դեմ՝ խանգարելով ՄԱԿ-ի հումանիտար առաքելություններին։ 2008 թ․ ԱՄՆ-ը «Աշ-Շաբաբն» ընդգրկել է ահաբեկչական խմբավորումների ցանկում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.