ՄԱԿ-ում կասկածում են, որ Իրանը հրթիռներ է մատակարարում Եմենի ապստամբներին

Միավորված ազգերի կազմակերպությունը հետաքննություն է սկսել Իրանի կողմից Եմենի ապստամբներին ապօրինաբար բալիստիկ հրթիռներ մատակարարելու կասկածանքով։ Ինչպես հայտնում է Associated Press-ը, նման հայտարարություն կա կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի զեկույցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի մասնագետներն ուսումնասիրում են այս տարվա հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի վրա «հուսիների» արձակած հրթիռների մնացորդները։

Ավելի վաղ՝ դեկտեմբերի 14-ին, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Վաշինգտոնում գտնվող ռազմաբազայում ներկայացրել է նոյեմբերի 4-ին Ռիադի օդանավակայանի վրա ուղարկված հրթիռի բեկորները։ Դիվանագետի պնդմամբ՝ ռազմական մասնագետները եկել են այն համոզմանը, որ վերոնշյալ հրթիռներն արտադրվել են Իրանում։

Ամերիկյան կողմի պնդմամբ, Եմենի ապստամբներին հրթիռներ և այլ զինատեսակներ մատակարերելով՝ Իրանը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մի շարք բանաձևեր։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.