Սպիտակ տանն աճում է Թիլերսոնի նկատմամբ անվստահություն հայտնողների թիվը․ The Washington Post

Ամերիկյան վարչակազմում պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի նկատմամբ անվստահությունը գնալով աճում է։ Որոշ բարձրաստճան պաշտոնյաներ պահանջում են, որ նա անհապաղ լքի զբաղեցրած պաշտոնը։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահ Թրամփի և պետքարտուղար Թիլերսոնի միջև կան լուրջ հակասություններ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մի քանի հարցի շուրջ։ Տարակարծություն կա մասնավորապես Հյուսիսային Կորեայի հետ բանակցություններ վարելու, Փարիզյան համաձայնագրից դուրս գալու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցերի շուրջ։

Նշվում է, որ վերջերս Վաշինգտոնում «Ատլանտյան խորհրդի» ժամանակ Թիլերսոնի՝  Հյուսիսային Կորեայի հետ ցանկացած պահի առանց նախապայմանների բանակցություններ սկսելու մասին ելույթը զայրացրել է ոչ միայն Թրամփին, այլ նաև նրա խորհրդականներից մի քանիսին։ Այս հարցով դժգոհություն է հայտնել նաև Սպիտակ տան՝ ազգային անվտանգության հարցերով խորհուրդը։

Նախագահի աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ լրատվականի հետ զրույցում հայտնել են, որ Թիլերսոնը զբաղեցրած պաշտոնը, ենթադրաբար, կլքի հաջորդ տարվա փետրվարին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ New York Times թերթը հաղորդում էր, որ Սպիտակ տանը ցանկանում են պաշտոնանկ անել Ռեքս Թիլերսոնին և պետքարտուղարի պաշտոնին նշանակել ԿՀՎ պետ Մայք Պոմպեոյին։ Աղբյուրի հավաստմամբ՝ ԿՀՎ պետի պաշտոնն այդ պարագայում կզբաղեցնի Արկանզաս նահանգից հանրապետական սենատոր Թոմ Քոթոնը։ The Washington Post-ի պնդմամբ՝ պաշտոնների տեղափոխության այս մտքի հեղինակը Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.