Եմենում դեկտեմբերի 6-ից 16-ը զոհվել է 115 խաղաղ բնակիչ․ ՄԱԿ

ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների պաշտպանության վարչությունը անհանգստություն է հայտնել Եմենում տեղի ունեցող բախումների և դրանց հետևանքով մարդկային մեծաթիվ զոհերի կապակցությամբ։ Նշվում է, որ դեկտեմբերի 6-ից 16-ը ընկած ժամանակահատվածում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենում զոհվել է 115 մարդ, վիրավորվել է՝ 83-ը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ռուպերտ Կոլվիլը։

«Մենք խորապես անհանգստացած ենք վերջին օրերին Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ավիահարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ։ Սանաայում մեր գրասենյակի տվյալներով՝ դեկտեմբերի 6-ից 16-ը Եմենում զոհվել է 115 խաղաղ բնակիչ, վիրավորվել՝ 83-ը», - նշել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.