Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսն անցել է լարված մթնոլորտում

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում միմյանց հասցեին սուր քննադատություններ են հնչեցրել։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Պատասխանելով բրիտանացի լրագրողուհու ակնարկին, թե «ողջ աշխարհը Մոսկվային չի հավատում, երբ վերջինս հերքում է այլ պետությունների ներքաղաքական կյանքին միջամտության մասին մեղադրանքները»՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ մի շարք երկրներ Ռուսաստանին միջամտության մեջ, սակայն ոչ ոք փաստեր չի ներկայացնում։

«Ողջ աշխարհ ասելով՝ Դուք, հավանաբար, նկատի ունեք արևմտյան հասարակությանը։ Նույնիսկ Արևմուտքում կան գործիչներ, որոնք ունեն առողջ բանականություն։ Օրինակ՝ իմ բարեկամ Բորիս Ջոնսոնը վերջերս հայտարարեց, որ ինքն ապացույցներ չունի, որ Մոսկվան միջամտել է Եվրոպական Միությունից դուրս գալու հարցով Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեին», - ասել է Լավրովը։

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարն ուշադրությամբ Լավրովին լսելուց հետո անմիջապես ասել է․ «Միջամտությունը հաջող չի ստացվել։ Կարծում եմ՝ սա ավելի հարմար արտահայտություն է»։

Որպես արձագանք ՌԴ արտգործնախարարը նշել է, որ, եթե բրիտանացի գործընկերը չառարկեր, ապա վերջինիս հեղինակությունը կընկներ բրիտանական ԶԼՄ-ների շրջանում։

«Կարծում եմ՝ շատ կարևոր է, որ Դուք ընդունեք մեր ընտրություններին միջամտելու փորձերը։ Ինչպիսին էլ դրանք լինեին, փաստն այն է, որ ձախողվել են», - շարունակել է Ջոնսոնը։

Լավրովը կրկնել է, որ նման մեղադրանքները «պետք է հիմնավորել փաստերով, այլապես կարելի է կարծել, որ Արևմուտքում զբաղված են նման պատմություններ հորինելով»։

Բորիս Ջոնսոնը Մոսկվա է ժամանել մեկ օրով։ Սա վերջին հինգ տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարների առաջին այցն է Ռուսաստան։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.