Թուրքիայում Գյուլենական շարժման հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 50 մարդ․ Anadolu

Թուրքիայի անվտանգության ուժերը ձերբակալել են 54 մարդու, որոնք կասկածվում են Գյուլենական շարժման հետ առնչություն ունենալու մեջ։ Այս շարժման անդամները մեղադրվում են 2016 թ․ հուլիսին երկրում հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ստամբուլի դատախազությունը հրաման էր արձակել 171 մարդու ձերբակալելու մասին, որի շրջանակներում գործողություններ են իրականացվում երկրի 29 նահանգներում։ Ձերբակալվածների թվում են նաև Ստամբուլի համալսարանի ակադեմիկոսներ։ Վերջիններս կասկածվում են ByLock բջջային հավելվածն օգտագործելու մեջ։

Նշենք, որ Թուրքիայի ոստիկանության համոզմամբ՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչները միմյանց հետ շփվել են հենց այս բջջային հավելվածի միջոցով։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա հուլիսի 15-ին Թուրքիայում զինվորականները հեղաշրջման փորձ են կազմակերպել։ Ոստիկանությանը հաջողվել էր ճնշել ապստամբներին, և հեղաշրջման փորձը ձախողվել էր։ Թուրքիայի իշխանությունները հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրում են Թուրքիայում արդի իսլամական գաղափարախոսության հիմնադիր Ֆեթուլլահ Գյուլենին, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։

Թուրքիայի նախագահ Էրդողանն ԱՄՆ-ի իշխանություններից մի քանի անգամ պահանջել է Գյուլենին ձերբակալել և արտահանձնել Թուրքիային, սակայն մերժում է ստացել։ Ըստ ամերկյան կողմի՝ Թուրքիայի իշխանությունները չեն տրամադրել հեղաշրջման փորձին Գյուլենի մասնակցության վերաբերյալ բավարար ապացույցներ։  

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.