Սիրիական իշխանություններն ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիային մեղադրում են ԻՊ-ի հետ իրենց գործողությունները կոորդինացնելու մեջ

ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան գործարքներ է կնքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ և վերջինիս հետ կոորդինացնում է իր գործողությունները Սիրիայում։ Այս մասին ասվում է սիրիական իշխանությունների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և Անվտանգության խորհրդին ուղարկած հաղորդագրության մեջ։

«Այլևս գաղտնիք չէ, որ կոալիցիայի գործողությունները չափազանց կասկածելի են և վտանգավոր։ Նրանք աջակցում են ահաբեկչությանը և հարձակումներ են իրականացնում Սիրիայի խաղաղ բնակչության նկատմամբ։ Նրանց մտադրությունների էությունն ապացուցում են վերջին իրադարձությունները, բազմաթիվ զեկույցները, արված լուսանկարներն ու տեսանյութերը։ Այս ամենը փաստում են, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան այստեղ գործարքներ է կնքում Իսլամական պետության հետ՝ վերջինիս աջակցելով Սիրիայի զինված ուժերի և նրա դաշնակիցների վրա հարձակումներ իրականացնելու, անհրաժեշտության դեպքում էլ տարբեր շրջաններ տեղափոխվելու հարցում», - ասվում է սիրիական կողմի ուղարկած հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում հիշատակվում է նաև դեկտեմբերի 13-ի դեպքը, երբ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան ավիահարված էր հասցրել Դեր Զորի Ջուրդի ալ Շարկի բնակավայրին։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ ավիահարվածի հետևանքով զոհվել էր 23 խաղաղ բնակիչ։

Նամակում նշվում է, որ այս գործողություններով «կոալիցիան փորձում է տպավորություն ստեղծել, իբր իրենց ռազմաօդային ուժերը թեժ պայքար են մղում ԻՊ-ի դեմ»։

«Իրականում կոալիցիայի ավիացիան ահաբեկիչներին տեղափոխում է ավելի անվտանգ շրջաններ», - ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները սիրիական Ալ Թանֆում գտնվող իրենց ռազմաբազայում վերապատրաստում է զինյալներին։ Նա նշել էր նաև, որ ահաբեկիչներ կան նաև երկրի հյուսիսարևելյան Ալ Շադդադիում գտնվող ամերիկյան ռազմաբազայում։ Գերասիմովի խոսքով՝ այդ զինյալները փաստացի ԻՊ անդամներ են, միայն թե վերապատրաստումից հետո ստանում են այլ անվանումներ, օրինակ՝ «Նոր սիրիական բանակ»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.