Իրանում բողոքի ակցիաները կշարունակվեն․ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ղեկավար

Իրանում տեղի ունեցող բողոքի ակցիաները չի կարելի համարել ավարտված։ Այս մասին Fox News լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն։

«Իրանական ռեժիմը ժողովրդին սպառնում է բռնությամբ, իսկ «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի հրամանատարներից Քասեմ Սուլեյմանին փողերը քամուն է տալիս Լիբիայում, Սիրիայում, Եմենում՝ աջակցելով Աստված գիտի, թե ում, և Իրանը վերածելով աշխարհում ահաբեկչությանն աջակցող խոշորագույն երկրի», - հայտարարել է ԿՀՎ պետը։

«Ակնկալում եմ, որ Իրանի ժողովուրդը կշարունակի իր բողոքն արտահայտել իշխանությունների դեմ։ Վստահ եմ, որ բողոքի ակցիաները չեն ավարտվել», - շարունակել է Պոմպեոն։

Նա կտրականապես ժխտել է Թեհրանի այն պնդումները, որ բողոքի ակցիաների կազակերպման հետևում կանգնած են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները։

«Դա կազմակերպել է Իրանի ժողովուդը՝ իշխանություններից պահանջելով ավելի բարեկեցիկ կյանքի պայմաններ», - ընդգծել է ԿՀՎ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Իրանում հակակառավարական ցույցերն սկսվել են դեկտեմբերի 28-ին։ Տարբեր քաղաքներում տեղի ունեցող ակցիաների մասնակիցները դժգոհում են թանկացումներից։ Որոշ տեղերում ցույցերը վերաճել են իրավապահների հետ զանգվածային բախումների, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում նաև ոստիկանության աշխատակիցներ։ Իրանի իշխանությունների տվյալներով՝ ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով ձերբակալվել է ավելի քան 450 մարդ։ Որոշ աղբյուրների համաձայն՝ ձերբակալվածների թիվը հասնում է 2000-ի։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.