Եմենի ապստամբները փորձել են հրթիռային հարձակում կատարել Սաուդյան Արաբիայի հարավային շրջանի վրա․ Al-Riyadh

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը կասեցրել են Եմենում գործող ապստամբ ուժերի՝ «Անսարալլահ» շարժման (Հուսիներ) հրթիռային հարվածները երկրի հարավային Ջիզան քաղաքին։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով Al-Riyadh գործակալությանը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ հուսիները Սաուդյան Արաբիայի ուղղությամբ բալիստիկ հրթիռ են արձակել տեղի ժամանակով 20:12-ին։

«Հրթիռն արձակվել է Ջիզան քաղաքի ուղղությամբ։ Այն ուղղված է եղել դեպի քաղաքացիներով բնակեցված շրջանները։ Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերը կարողացել են բարեհաջող կերպով չեզոքացնել հարվածը» -հայտարարել է կոալիցիայի ներկայացուցիչը։

Սաուդական լրատվամիջոցի պնդմամբ՝ հրթիռային հարձակման մեջ դերակատարություն ունի Իրանը։ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ներկայացուցիչը կոչ է արել միջազգային հանրությանը «ավելի լուրջ քայլեր ձեռնարկել Իրանի և վերջինիս կողմից Եմենի ապստամբներին բալիստիկ հրթիռներ մատակարարելու դեմ»։

Նշենք, որ 2014 թ. օգոստոսից Եմենում շարունակվում է կառավարական ուժերի և ապստամբ հուսիների հակամարտությունը: Այն առավել ակտիվ փուլ է մտել 2015 թ. մարտին, երբ հակամարտությանը միջամտել է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:

Նախորդ տարվա նոյեմբերի 29-ին Սանայում ընթացել են դաժան մարտեր, ինչի պատճառը Եմենի նախկին նախագահ Ալլահ Սալեհի կողմնակիցների վերահսկողության տակ գտնվող մի շարք կարևոր օբյեկտներ գրավելու հուսիների ցանկությունն էր։ Բախումների հետևանքով զոհվել էր մոտ 250 մարդ։

ՄԱԿ-ի տվյալներով՝ 2015 թ․ գարնանից սկսած հակամարտության զոհ է դարձել ավելի քան 10 հազար մարդ, իսկ մարդասիրական օգնության կարիք ունի Եմենի բնակչության մոտ 70%-ը, կամ ավելի քան 21 միլիոն մարդ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.