Հյուսիսային Կորեան մի քանի ամսից ի վիճակի կլինի միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ին․ ԿՀՎ ղեկավար

Հյուսիսային Կորեան մի քանի ամիս հետո ի վիճակի կլինի միջուկային հարված հասցնել ԱՄՆ-ի մայրցամաքային մասին։ Այս մասին CBS լրատվականին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Պոմպեոն։

Նա այս հայտարարությունն արել է ի պատասխան լրագրողի այն հարցին, թե երբ Կիմ Չեն Ընը կկարողանա միջուկային հարված հացնել ԱՄՆ-ին։

Հաղորդավարուհին նկատել է, որ Պոմպեոն նման հայտարարությամբ հանդես էր եկել նաև կես տարի առաջ։

«Այո, դա ճիշտ է։ Կցանկանայի ասել՝ մեկ տարուց։ ԱՄՆ-ի կառավարությունն անդադար աշխատում է, որպեսզի այդ պահը հնարավորինս ուշ գա», - ասել է ԿՀՎ ղեկավարը։

Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզության համար անակնկալ չէր նախորդ տարվա սեպտեմբերին Փհենյանի կատարած վեցերորդ միջուկային փորձարկումը։

«Մենք գիտեինք, որ դա նախապատրաստվում է։ Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրն ակտիվորեն իրականանում և ընդլայնվում է։ Մարտագլխիկները դառնում են ավելի հզոր և հուսալի։ Այս ամենի մասին մենք զեկուցում ենք քաղաքական որոշումները կայացնող  մարդկանց», - շարունակել է Պոմպեոն։

Համաձայն ամերիկյան տվյալների՝ Հյուսիսային Կորեան կարող է ունենալ 10-ից 20 միջուկային մարտագլխիկ, որոնց մեծ մասի հզորությունը կարող է հասնել մինչև 20 կիլոտոն։  

Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Հյուսիսային Կորեան անցկացրել է հրթիռային նոր փորձարկում՝ արձակելով «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որը կարող է կրել նաև միջուկային մարտագլխիկներ։ Թռիչքի բարձրությունը կազմել է 4475 կիլոմետր, իսկ երկարությունը՝ 950 կիլոմետր։ Հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտի։

Փհենյանի հավաստմամբ՝ այս հրթիռը կարող է խոցել թիրախներ ԱՄՆ-ի ողջ տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.