Անկարան ակնկալում է, որ Վաշնգտոնն ամբողջովին կդադարեցնի օգնությունը Սիրիայի քրդերին․ Էրդողանի մամուլի խոսնակ

Անկարան Վաշինգտոնից ակնկալում է, որ վերջինս ամբողջովին դադարեցնի աջակցությունը Սիրիայում քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցությանը (PYD) և «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» (YPG) զորամիավորմանը, այլ ոչ թե խոստումներ, որոնք չեն կատարվում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը․ գրում է թուրքական Anadolu լրատվական գործակալությունը։

«Ավելի վաղ Միացյալ Նահանգները խոստացավ, որ PYD-ն և YPG-ն կլքեն իրենց դիրքերը Մանբիջում։ Նրանց բազմաթիվ խոստումներ են տվել, սակայն չեն կատարել դրանցից ոչ մեկը։ Մենք ԱՄՆ-ից ակնկալում ենք YPG-ին և PYD-ին հատկացվող օժանդակության լիակատար դադարեցում», - ասել է Քալընը։

Նա նաև հիշեցրել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր ամբողջովին դադարեցնել Սիրիայում քրդական ուժերին հատկացվող օգնությունը Իսլամական պետության ոչնչացումից հետո։

«Անցել է արդեն երկու ամիս, սակայն դեռ ոչինչ չի փոխվել։ Թուրքիայի սպասելիքները պարզ և կոնկրետ են՝ դադարեցնել օժանդակությունը PYD-ին և YPG-ին։ Երբ դա իրականանա, մենք կշարունակենք քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.