Թրամփը փորձել է ՀԴԲ փոխտնօրենից ճշտել, թե վերջինս ում օգտին է քվեարկել նախագահական ընտրություններին․ WP

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի երբեմնի ղեկավար Էնդրյու Մաքքեյբից (պաշտոնավարել է 2017 թ․ մայիսից մինչև օգոստոս, - խմբ․) ճշտել, թե վերջինս ում օգտին է քվեարկել 2016 թ․ նախագահական ընտրություններին։ Այս մասին գրում է The Washington Post-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ զրույցը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսին, երբ ՀԴԲ տնօրեն Ջեյմս Քոմիի աշխատանքից հեռացվելուց հետո նախագահ Թրամփը Սպիտակ տուն էր հրավիրել Մաքքեյբին, որպեսզի ծանոթանա վերջինիս հետ։

«Նրանք սովորական զրույց են ունեցել, մինչև Թրամփը նրանից հարցրել է, թե ում օգտին է քվեարկել նախագահական ընտրություններին։ Մաքքեյբը պատասխանել է, որ չի քվեարկել», - գրում է թերթը։

Նշվում է, որ Թրամփը քննադատության է ենթարկել ներկայումս ՀԴԲ  ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մաքքեյբին՝ կապված Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության գործի հետաքննության որոշ հանգամանքների հետ։

Բանն այն է, որ Մաքքեյբի կինը, որը դեմոկրատական կուսակցությունից իր թեկնածությունն էր առաջադրել Սենատի ընտրություններին, 700 միլիոն դոլար նվիրատվություն է ստացել Քլինթոնի մերձավորներից մեկի ընկերությունից։

The Washington Post-ի հաղորդմամբ՝ Մաքքեյբը Թրամփի հետ զրույցն անվանել է մտահոգիչ։ Նշվում է, որ ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցով հետաքննությունը վարող հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը նույնպես հետաքրքրվել է այդ երկխոսությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսին Դոնալդ Թրամփն աշխատանքից հեռացրել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավար Ջեյմս Քոմիին՝ նշելով, որ վերջինիս աշխատանքը չի բավարարում իրեն։ Թրամփի հակառակորդները պնդում էին, որ, Քոմիին հեռացնելով, նա փորձել է խոչընդոտել Ռուսաստանի՝ ամերիկյան ընտրությունների միջամտության հարցով անցկացվող հետաքննությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.