ԱՄՆ-ը չի պատրաստվում զորքերը դուրս բերել սիրիական Մանբիջից․ Պենտագոն

ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության ղեկավար Ժոզեֆ Վոտելը հայտարարել է, որ ամերիկյան զորքը չի պատրաստվում լքել սիրիական Մանբիջը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

«Մենք չենք քննարկում ամերիկյան զորքի դուրսբերման հարցը սիրիական այդ բնակավայրից», - ասել է Վոտելը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերն սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։

Գործողությունը սկսելուց երկու օր անց Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զորքերը կլքեն Սիրիայի տարածքը միայն վերջնական նպատակին հասնելուց հետո։ Նա նշել է նաև, որ իրենց գործողություններն «ուղղված են ոչ թե քրդերի, այլ ահաբեկիչների միջանցք ստեղծելու դեմ»։

Էրդողանն ավելի ուշ հայտարարել է նաև, որ իրենք կարող են շարժվել դեպի Մանբիջ, որը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» զորամիավորման վերահսկողության տակ։

Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն նախորդ շաբաթ ունեցած ելույթի ժամանակ ԱՄՆ-ին կոչ էր արել «անհապաղ դուրս բերել զորքերը Մանբիջից»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.