Նիդերլանդները պաշտոնապես հետ է կանչել Անկարայում իր դեսպանին

Նիդերլանդները որոշել է հետ կանչել Անկարայում իր դեսպանին։ Այս մասին ասվում է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ․ գրում է թուրքական Hurriyet-ը։

Փաստաթղթում նշվում է, որ 2017 թ․ մարտից դեսպանը փաստացի զրկված է եղել Թուրքիայում գտնվելու թույլտվությունից (այդ ժամանակ այս երկու երկրների միջև դիվանագիտական սկանդալ էր ծագել, - խմբ․)։

«Այս ժամանակահատվածում տարբեր մակարդակներով Թուրքիայի հետ քննարկվել է տվյալ հարցը, սակայն որևէ դրական արդյունքի հասնել չի հաջողվել։ Նիդերլանդների նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հետ կանչել դեսպանին, որի մուտքն Անկարա արգելված էր 2017 թ․ մարտից», - ասվում է Նիդերլանդների արտգործնախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ Թուրքիային թույլ չի տրվի դեսպան ունենալ Նիդերլանդներում այնքան ժամանակ, քանի դեռ Անկարայում նոր դեսպան նշանակված չէ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Նիդերանդների հարաբերությունները լարվել են նախորդ տարվա մարտին, երբ վերջինիս իշխանություններն արգելել էին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և մի քանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների մուտք գործել երկիր։ Նրանք ցանկանում էին ելույթ ունենալ Նիդերլանդներում բնակվող իրենց հայրենակիցների առաջ՝ նրանց ներայացնելով Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների փաթեթը։

Ավելի ուշ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ քննադատության էր արժանացրել Նիդերլանդների իշխանություններին՝ նրանց անվանելով «Ֆաշիստներ», իսկ նրանց գործողությունները՝ «նացիստական»։ Բացի դրանից, Թուրքիայի նախագահը սպառնացել էր հայելային պատասխան տալ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.