Վաշինգտոնը պատրաստվում է ավելի խստացնել Փհենյանի նկատմամբ պատժամիջոցները․ ԱՄՆ փոխնախագահ

Վաշինգտոնը Փհենյանի նկատմամբ պատրաստում է նոր՝ ավելի խիստ պատժամիջոցների փաթեթ, որի նպատակն է կանխել Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը։ Այս մասին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ բանակցություննեից հետո հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը։

«Միացյալ Նահանգները շուտով կհրապարակի Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր՝ տնտեսական շատ խիստ և ագրեսիվ պատժամիջոցների փաթեթը։ Մենք նրան կմեկուսացնենք այնքան ժամանակ, մինչև Փհենյանը չհրաժարվի բալիստիկ հրթիռների և միջուկային զենքի իր ծրագրերից», - Ճապոնիայի վարչապետի հետ տված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Մայք Փենսը։

Նա նշել է, որ Վաշինգտոնը և նրա դաշնակիցները, այդ թվում՝ Տոկիոն, շարունակելու են առավելագույն ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա, որպեսզի հասնեն Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։

Վարչապետ Աբեն, իր հերթին, հայտարարել է, որ Ճապոնիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են խստացնել հյուսիսկորեական նավերի նկատմամբ պատժամիջոցերի կատարման վերահսկողությունը, որպեսզի խուսափեն բաց ծովում ապրանք փոխանակելու հնարավորությունից։ Ճապոնիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենք Հյուսիսային Կորեան երբեք չեն ճանաչի որպես միջուկային տերություն։

Հիշեցնենք, որ Կորեական թերակղզում իրավիճակը կրկին լարվեր էր նախորդ տարվա նոյեմբերի վերջին։ Նոյեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Հյուսիսային Կորեան անցկացրել էր հրթիռային նոր փորձարկում՝ արձակելով «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ։ Թռիչքի բարձրությունը կազմել է 4475 կիլոմետր, իսկ երկարությունը՝ 950 կիլոմետր։ Հրթիռն ընկել է Ճապոնիայի տնտեսական գոտի։

Փհենյանի հավաստմամբ՝ այս հրթիռը կարող է խոցել թիրախներ ԱՄՆ-ի ողջ տարածքում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.