Ֆրանսիայի ԱԳՆ-ը քննադատել է Լեհաստանում ընդունված օրենքը Հոլոքոստի մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը քննադատել է Լեհաստանում ընդունված օրենքը, ըստ որի՝ քրեական պատասխանատվության են ենթարկվելու Հոլոքոստին լեհերի ներգրավվածության մասին բարձրաձայնողները։ Այս մասին, ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ն, Լե Դրիանը խոսել է BFMTV-ի եթերում։

«Մենք այս օրենքը համարում ենք անտեղի։ Պետք չէ վերաշարադրել պատմությունը, դա երբեք լավ չէ», - ասել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Լեհաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Սենատը, ընդունել էր օրենք՝ Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտի մասին։ Համաձայն այս օրենքի՝ այն անձինք, որոնք հրապարակավ կհայտարարեն, որ Լեհաստանը կամ լեհ ժողովուրդը պատասխանատվություն է կրում Երրորդ Ռայխի նացիստական հանցագործությունների կամ աշխարհի և մարդկության նկատմամբ այլ հանցագործությունների համար, կենթարկվեն մինչև երեք տարվա ազատազրման։

Թել Ավիվն անհանգստացած է, որ օրենքը կարող է հարվածել նաև հրեաներին, որոնք կցանկանան պատմել լեհ ժողովորդի պատճառով կրած տառապանքների մասին։

Օրեր առաջ Իսրայելի տրանսպորտի և հետախուզության նախարարը վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ էր արել անհապաղ հետ կանչել Լեհաստանում Իսրայելի դեսպանին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.