Դեմոկրատ կոնգրեսականն ավելի քան 8 ժամ ելույթ է ունեցել Կոնգրեսում

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատների առաջնորդ Նենսի Պելոսին ավելի քան 8 ժամ ելույթ է ունեցել՝ սահմանելով վերջին հարյուրամյակի համար ռեկորդային ցուցանիշ։

Համաձայն հեռարձակման տվյալների՝ 77-ամյա Պելոսին իր ելույթն սկսել է առավոտյան 10:00-ի սահմաններում և ավարտել 18:00-ից հետո, այսինքն՝ նա խոսել է գրեթե աշխատանքային մի ամբողջ օր։ Հատկանշական է, որ կոնգրեսականը ելույթ է ունեցել առանց դադարի՝ ընթացքում միայն ջուր խմելով։

Դեմոկրատների առաջնորդը նշել է, որ նա շարունակելու է այս կերպ բողոքի ակցիա անցկացնել այնքան ժամանակ, մինչև Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանն իրեն չերաշխավորի, որ բյուջեի նախագծի հետ միասին օրակարգ կբերվի նաև միգրացիոն բարեփոխումների հարցը։

Ավելի վաղ Սենատում դեմոկրատները հանրապետական մեծամասնության հետ պայմանավորվել էին բյուջետային հարցի շուրջ։ Սենատի փոքրամասնությունն իրավունք ունի որոշումների ընդունումն արհեստական կերպով երկարաձգելու, ինչը տեսականորեն թույլ է տալիս արգելափակել օրենքները երկար ելույթներով հանդես գալու ճանապարհով։ Ներկայացուցիչների պալատում նման իրավունք չկա, ինչը նշանակում է, որ Պելոսիի ելույթը զուտ սիմվոլիկ էր և չի կարող ազդել բյուջեի քննարկման վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.