Չենք պատրաստվում Թուրքիայի պահանջով դուրս բերել մեր զորքերը Մանբիջից․ ԱՄՆ պաշտպանության նախարար

ԱՄՆ-ը չի պատրաստվում տեղի տալ Թուրքիայի ճնշումներին, որը պահանջում է դուրս բերել ամերիկյան զորքերը սիրիական Մանբիջից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։

«Ինչ վերաբերում է Մանբիջի վերաբերյալ Թուրքիայի ճնշմանը, ապա նշեմ, որ իրավիճակը չի փոխվել։ Մենք ըմբռնումով ենք մոտենում այն տագնապին, որն Անկարան ապրում է Սիրիայի քրդերի հարցով։ Սակայն մեր նպատակն այժմ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա ճնշում գործադրելն է», - ասել է Մեթիսը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անհանգստացած է, որ Աֆրինում թուրքական բանակի ռազմական գործողությունները «կարող են ուշադրությունը շեղել ԻՊ-ի դեմ պայքարից»։

«Մենք Թուրքիայի հետ համագործակցում ենք վերջինիս անվտանգությանը վերաբերող հարցերում, ինչի շուրջ Անկարան խիստ անհանգստացած է։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է, և մենք նրա հետ քննարկում ենք այս հարցերը անվտանգության բոլոր մակարդակներով։ Ես հաջորդ շաբաթ Բրյուսելում հանդիպում եմ ունենալու նրանց պաշտպանության նախարարի հետ», - շարունակել է Պենտագոնի ղեկավարը։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։ Թուրքական բանակի կողմից գործողությանը մասնակցում է նաև «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զորաջոկատը։

Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մի քանի անգամ հայտարարել է, որ գործողությունը կարող է տարածվել դեպի Մանբիջ, որը գտնվում է «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորման վերահսկողության տակ։ Նա ԱՄՆ-ին կոչ է արել նաև Մանիջից դուրս բերել այստեղ գտնվող ամերիկյան ստորաբաժանումները։ Անկարան չի թաքցնում Վաշինգտոնից իր դժգոհությունը՝ կապված քրդերին աջակցոթյուն ցույց տալու հետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.