Մեծ Բրիտանիան կարող է 350 միլիարդ դոլար կորցնել առանց Բրյուսելի հետ առևտրային համաձայնագրի

Մեծ Բրիտանիայի տնտեսությունը 15 տարվա ընթացքում կարող է կորցնել մոտ 350 միլիարդ դոլար, եթե Եվրոպական Միության կազմից դուրս գա առանց Բրյուսելի հետ առևտրային գործարքի։ Այս մասին գրում է բրիտանական The Independent թերթը՝ հղում կատարելով The Best for Britain Group-ի կատարած հետազոտությանը։

Աղբյուրի հավաստմամբ՝ կանխատեսումները հիմնված են կառավարական ինֆորմացիայի արտահոսքի վրա։ Սցենարի համաձայն՝ եթե նույնիսկ Լոնդոնին հաջողվի Բրյուսելի հետ ազատ առևտրի համաձայնագիր կնքել, 15 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիայի ՀՆԱ-ի կորստի չափը կկազմի 181 միլիարդ դոլար։ Իսկ եթե Մեծ Բրիտանիայի իշխանությունները փոխեն իրենց դիրքորոշումը և պահպանեն մաքսային միությունում և եվրոպական շուկայում իրենց անդամակցությունը, կորուստը կկազմի 72 միլիարդ դոլար։

The Best for Britain Group-ի ներկայացուցիչ Մարկ Բրաունի խոսքով՝ Brexit-ը ամենից շատ վնաս կհասցնի Միացյալ Թագավորության առողջապահության, կրթության և սոցիալական ծառայությունների ոլորտներին։

«Երկրի ողջ ժողովրդի համար լավագույն տարբերակը բոլոր գործող համաձայնագրերը պահպանելն է», - ասել է նա։

Brexit-ի հարցով բանակցություններն սկսվել են 2017 թ․ հունիսի 19-ին՝ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեի անցկացումից մոտ մեկ տարի անց։ Հիշեցնենք, որ հանրաքվեի արդյունքում 51,9% ձայնով հաղթանակ էին տարել Brexit-ի կողմնակիցները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.