Սպիտակ տունը մանրամասնել է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի բովանդակությունը

Երեկ՝ փետրվարի 12-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ եկել է իսրայելցիների և պաղեստինցիների միջև նոր, խաղաղ համաձայնագրի վրա աշխատելու ժամանակը։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։

«Նախագահ Պուտինն ասաց, որ այսօր ավելի ուշ (փետրվարի 12-ին՝ հեռախոսազրույցից հետո, - խմբ․) ինքը հանդիպելու է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասի հետ, և նախագահ Թրամփը նշեց, որ ժամանակն է աշխատել խաղաղ և ավելի կայուն նոր համաձայնագրի վրա» , - հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Նշվում է նաև, որ նախագահները քննարկել են ընդհանուր մտագոհություն առաջացնող այլ հարցեր ևս։ Մասնավորապես՝ Թրամփն ընդգծել է Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանն ուղղված քայլերի շարունակականության անհրաժեշտությունը։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, Պուտինը Մահմուդ Աբբասի հետ Մոսկվայում կայացած բանակցություններից առաջ Պաղեստինի առաջնորդին է փոխանցել Թրամփի ջերմ բարեմաղթանքները։ Աբբասն, իր հերթին, նշել է, որ Պաղեստինը չի պատրաստվում համագործակցել ԱՄՆ-ի հետ և չի ընդունում մերձավորարևելյան հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի Վաշինգտոնի կարգավիճակը։

Աբբասը հույս ունի, որ կստեղծվի բազմակողմ մի մեխանիզմ, որտեղ Միացյալ Նահանգները կլինի ընդամենը մասնակիցներից մեկը։ Նրա խոսքով՝ Իսրայելում ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին Վաշինգտոնի որոշումը ապտակ էր պաղեստինցի ժողովրդին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.