Իրանում գտել են լրտեսության համար ուղարկված մողեսներ

Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին ղեկավար, գեներալ Հասան Ֆիրուզաբադին հայտարարել է, որ արտասահմանցիներն օգտագործում են մողեսներ և այլ սողուններ իրանական միջուկային օբյեկտներում լրտեսության համար։ Այս մասին նա հայտարարել է ILNA գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ․ գրում է Lenta-ն։

Ֆիրուզաբադին հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Իրան էր ժամանել ակտիվիստների մի խումբ, որը գումար էր հավաքում Պաղեստինին օգնություն տրամադրելու համար։ Նրանք սկսեցին երկրում ճանապարհորդել տարօրինակ երթուղիներով, ինչը կասկածներ առաջացրեց իրավապահների մոտ։ Գեներալի խոսքով՝ Սպահան և Թեհրան այցելելու փոխարեն խումբն սկսել է «թափառել անապատներով»։

Թեհրան վերադառնալուց հետո, երբ ակտիվիստներն արդեն պետք է լքեին երկիրը, նրանց մոտ հայտնաբերվել էին տարօրինակ իրեր, այդ թվում՝ քամելեոններ, մողեսներ և այլ սողուններ։

Ֆիրուզաբադիի հավաստմամբ՝ սողունների կաշին «կարող է որսալ միջուկային ճառագայթները»։ Հենց այս պատճառով էլ Իրանի իշխանությունները եկել են այն եզրահանգման, որ սողունների տերերը եղել են լրտեսներ, որոնք փորձել են ճշտել Իրանում միջուկային օբյեկտների և ուրանի հանքավայրերի տեղերը։

Հիշեցնենք, որ 2015 թ. հուլիսին Իրանը և միջազգային միջնորդերի վեցնյակը (ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) համաձայնության են եկել Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ և ստեղծել են Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիր: Իրանը պարտավորվել է սահմանափակել ուրանի հարստացման ոլորտում տարվող աշխատանքները՝ մի շարք պատժամիջոցների չեղարկման փոխարեն: 2016 թ․ հունվարին համաձայնագիրը թևակոխել է կենսագործման փուլ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.