ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների ղեկավարներն ամերիկացիներին խորհուրդ են տալիս չօգտվել չինական սմարթֆոններից

ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի, Կենտրոնական հետախուզական վարչության և Ազգային անվտանգության գործակալության ղեկավարները ամերիկացիներին խորհուրդ են տալիս չօգտվել  չինական Huawei և ZTE ընկերությունների սմարթֆոններից՝ պնդելով, որ դրանք սպառնում են իրենց անվտանգությանը։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Հաղորդվում է, որ նշված գերատեսչությունների ղեկավարները նման հայտարարությամբ հանդես են եկել Սենատի՝ հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի լսումների ժամանակ։ Հանրապետական սենատորներից մեկը ՀԴԲ-ի ղեկավար Քրիստոֆեր Ռեյին, ԿՀՎ-ի ղեկավար Մայք Պոմպեոյին և ԱԱԳ-ի ղեկավար Դենիել Կոուտսին խնդրել է ձեռք բարձրացնել, եթե նրանք խորհուրդ են տալիս իրենց հայրենակիցներին օգտագործել վերոնշյալ ընկերությունների արտադրած սմարթֆոները։ Հատուկ ծառայությունների ղեկավարները չեն արձագանքել այս խնդրանքին։

ՀԴԲ-ի ղեկավարի խոսքով՝ ռիսկային է օտար պետությունների կառավարություններին հաշվետու ընկերությունների արտադրանքը ամերիկյան հեռահաղորդակցության ենթակառուցվածք մուտք գործել թույլ տալը։

«Դա կարող է նախադրյալներ ստեղծել վնասական փոփոխությունների, ինչպես նաև տեղեկատվության արտահոսքի համար։ Այն հնարավորություն է տալիս նաև թաքնված լրտեսություն իրականացնելու», - ասել է Ռեյը։

Ավելի վաղ ամերիկյան հեռահաղորդակցության խոշորագույն ներկայացուցիչներից մեկը՝ Verizon Communications-ը, հրաժարվել էր վաճառել Huawei ընկերության սպարթֆոնները։ Bloomberg-ի հավաստմամբ՝ այս որոշումը կայացվել է ԱՄՆ-ի կառավարության ճնշման տակ, որը կարծում է, որ Huawei ընկերությունը համագործակցում է չինական հատուկ ծառայությունների հետ։

Չինական սմարթֆոններ վաճառելուց հրաժարվել էր նաև հայտնի AT&T ընկերությունը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.