Թիլերսոնի՝ Էրդողանի հետ ունեցած հանդիպումը բավական արդյունավետ էր․ Պետքարտուղարություն

ԱՄՆ-ում կարծում են, որ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպումը բավական արդյունավետ էր։ Այս մասին Ռիա Նովոստի-ին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից։

«Նրանք բաց և արդյունավետ երկխոսություն են ունեցել Թուրքիայի և ԱՄՆ-ի փոխշահավետ համագործակցության ուղիները զարգացնելու վերաբերյալ։ Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի մեր դաշնակից Թուրքիայի հետ հարաբերություններում առաջընթաց կգրանցվի նաև ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցությունների արդյունքում», - հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչն, իր հերթին, հայտարարել է, որ Էրդողանի և Թիլերսոնի՝ ավելի քան 3 ժամ տևած հանդիպման ընթացքում, ի թիվս մի շարք այլ հարցերի, քննարկվել է Իրաքում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը։

Ներկայում Թուրքիաի և ԱՄՆ-ի հարաբերությունները բավական լարված վիճակում են։ Դա գլխավորապես կապված է Վաշինգտոնի կողմից քրդական զորամիավորումներին աջակցություն ցույց տալու հետ։

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերը սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։ Թուրքական բանակի կողմից գործողությանը մասնակցում է նաև «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զորաջոկատը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.