Անկարան և Վաշինգտոնը որոշել են ստեղծել հարաբերությունների կարգավորման մեխանիզմ

ԱՄՆ պետարտուղար Ռեքս Թիլերսոնի՝ Թուրքիա կատարած այցի ընթացքում Անկարան և Վաշինգտոնը պայմանավորվել են ստեղծել թուրք-ամերիկյան հարաբերությունները կարգավորելու մեխանիզմ։ Այս մասին ամերիկացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Փետրվարի 15-ին Թիլերսոնը երկօրյա այցով ժամանել էր Անկարա, որտեղ երեկ հանդիպում է ունեցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, իսկ այսօր՝ արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։

«Երեկ տեղի է ունեցել պետքարտուղար Թիլերսոնի և մեր առաջնորդ Էրդողանի հանդիպումը, որն անցել է կառուցողական մթնոլորտում, և բոլոր հարցրերը բաց կերպով դրվել են քննարկման։ Քննարկվել է ոչ միայն երկկողմ հարաբերությունները, այլ նաև տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։ Երեկ մեր ընդհանուր ցանկությամբ որոշել ենք կարգավորել մեր հարաբերությունները։ Միացյալ Նահանգները, սակայն, մեզ բազմիցս խոստումներ է տվել, որոնք չեն պահվել։ Մենք առաջարկում էինք անել այնպիսի քայլեր, որոնք չեն մնա թղթի վրա։ Որոշեցինք ստեղծել մեխանիզմ խնդիրները լուծելու համար», - ասել է Չավուշօղլուն։

Նրա խոսքով՝ այդ մեխանիզմի շրջանակներում թուրք-ամերիկյան առաջին հանդիպումը տեղի կունենա առաջիկա մարտին։

Ներկայում Թուրքիաի և ԱՄՆ-ի հարաբերությունները բավական լարված վիճակում են։ Դա գլխավորապես կապված է Վաշինգտոնի կողմից քրդական զորամիավորումներին աջակցություն ցույց տալու հետ։

Թուրքիան նաև շարունակում է ԱՄՆ-ից պահանջել Անկարա արտահանձնել Գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որին թուրքական իշխանությունները մեղադրում են 2016 թ․ հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.