Անկարան և Վաշինգտոնը քննարկել են Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 համակարգի գնման հնարավոր հետևանքները․ Թիլերսոն

Վաշինգտոնը և Անկարան քննարկել են Թուրքիայի կողմից ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգի գնման հետևանքները։ Այս մասին թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, որի ելույթը հեռարձակել է թուրքական A Haber-ը։

«Մենք քննարկել ենք այն օրինագիծը, որը կարող է ազդեցություն գործել Ռուսաստանից զինամթերք գնելու գործարքների վրա։ Այս հարցը քննարկել ենք ինչպես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, այնպես էլ՝ ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Սա իրոք այն կարևորագույն հարցերից մեկն էր, որին մենք անդրադարձել ենք։ Անհրաժեշտ է հավաքել մասնագետների և քննարկել այդ գործարքի կնքման հետևանքները», - ասել է Թիլերսոնը։

«Մենք հետևանքների մասին զգուշացնում ենք բոլոր երկրներին, որոնք պատրաստվում են գործարքներ կնքել Մոսկվայի հետ։ Շատերը դրանից հետո վերանայում են իրենց պլանները։ Ցանկանում ենք Թուրքիայի հետ խորհրդակցություն անցկացնել, որպեսզի նրանք տեղյակ լինեն այդ գործարքի հնարավոր հետևանքների մասին» - շարունակել է պետքարտուղարը։

Թուրքիայի ԱԳ նախարարն, իր հերթին, նշել է, որ Անկարան այդ կերպ ցանկանում է ապահովել իր անվտանգությունը։

«Մենք ուզում էինք անվտանգության ապահովվման միջոցեր ձեռք բերել մեր դաշնակիցներից, սակայն հանդիպեցինք խնդիրների․ ցանկանում էինք նրանցից գնել՝ չկար», - ասել է Չավուշօղլւն՝ հավելելով, որ Թուրքիան դեմ է հանդես գալիս Ս-400-ի գնման հետևանքով հնարավոր վտանգներին։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Մոսկվայի հետ արդեն կնքվել է Ս-400-ի գնման համաձայնագիրը, և նույնիսկ կանխավճար է տրվել։ Սեպտեմբերի վերջին այս լուրը հաստատել էր նաև ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցութան հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը՝ ընդգծելով, որ այդ հարցն արդեն «չի քննարկվում»։

Նշենք, որ առաջին անգամ Թուրքիան Ս-400 համակարգով հետաքրքրվել է դեռ 2009 թվականին: Այն ժամանակ, սակայն, համագործակցությունը դադարեցվել է:

Հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը նախատեսված է բալիստիկ հրթիռների և ինքնաթիռների խոցման համար: Թիրախները կարողանում է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.