ԱՄՆ-ը մեծացնում է իր ռազմական ներկայությունը Սև ծովում․ CNN

Միացյալ Նահանգներն ավելացնում է իր ռազմական ներկայությունը Սև ծովում՝ համարելով դա անհրաժեշտ պատասխան տարածաշրջանում Ռուսաստանի դերի մեծացմանը: Այս մասին գրում է CNN-ը։

Նշվում է, որ փետրվարի 17-ին ամերիկյան ռազմածովային ուժերի Carney կործանիչը մտել է Սև ծով՝ միանալով արդեն այնտեղ գտնվող ամերիկյան մեկ այլ ռազմանավի։ Ամերիկյան ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հրամանատար Քրիստոֆեր Գրեդիի խոսքով՝ միանգամից երկու ռազմանավ ուղարկելու մասին որոշումն ընդունվել էր վաղուց, ոչ թե «ինչ-որ բանի արձագանքելու համար»։

Հեռուստաալիքի մեկ այլ աղբյուր նշում է, որ այս քայլով Վաշինգտոնը փորձում է հասնել նրան, որ Սև ծովում ամերիկյան ռազմական ներկայությունը Ռուսաստանի համար դառնա սովորական երևույթ՝ այդպիսով նվազեցնելով նաև Մոսկվայի զգայունությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի ակտիվությանը։

CNN-ի պնդմամբ՝ Ռուսաստանը շատ կտրուկ է արձագանքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ներկայությանը նշված տարածքներում՝ զգուշանալով, որ դա կարող է թուլացնել իր սեփական ռազմական հնարավորությունները։

«Դուք նավեր եք ուղարկում Սև ծով, իսկ Ռուսաստանը զգում է, որ դրանով ավելի շատ եք սպառնում իրեն», - ամերիկացի ռազմական փորձագետներից մեկի խոսքերը մեջբերել է լրատվականը։

CNN-ի զրուցակիցներից մեկն ընդգծել է այս տարածաշրջանում ամերիկյան ռազմական ակտիվության ավելացման կարևորությունը՝ նշելով, որ դա կարող է Մոսկվային դարձնել ավելի համակերպվող ամերիկյան ռազմական ներկայությանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ամերիկյան Carney ականակիր նավը Բոսֆորի նեղուցով մտել էր Սև ծով՝ միանալով արդեն այստեղ գտնվող Ross ռազմանավին։ Ամերիկյան միաժամանակ երկու ռազմանավ վերջին անգամ Սև ծովում եղել է 2017 թվականին՝ ամերիկա-ուկրաինական Sea Breeze զորավարժությունների ժամանակ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.