Պարզվել է Չեռնոգորիայում ամերիկյան դեսպանատան մուտքի մոտ նռնակ նետած անձի ինքնությունը

Պոդգորիցայում ԱՄՆ դեսպանատան մուտքի առջև նռնակը նետել է 43-ամյա ոմն Դալիբոր Յաուկովիչը, որը ծառայել է նախկին հարավսլավական բանակում։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով չեռնոգորական Vijesti թերթին։

Այս տեղեկատվությունը հաստատել է նաև Չեռնոգորիայի կենտրոնական հեռուստատեսությունը և ռադիոալիքը։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերը՝ 00:30-ին (Երևանի ժամանակով՝ 03:30, - խմբ․), մի տղամարդ պայթուցիկ սարք էր նետել Պոդգորիցայում ամերիկյան դեսպանատան մուտքի մոտ, այնուհետև՝ ինքնասպան եղել։ Ենթադրվում է, որ այդ պայթուցիկ նյութը եղել է ձեռքի նռնակ։ Դեռ հայտնի չեն հարձակման դրդապատճառները։

Յաուկովիչի ֆեյսբուքյան էջում նշած է, որ նրան շնորհվել է մեդալ՝ Հարավսլավիայի «պաշտպանության և անվտանգության գործում արժանի ներդրում ունենալու» համար։ Նրան պարգևատրել է նշված պետության այդ ժամանակվա ղեկավար Սլոբոդան Միլոշևիչը։ Հրապարակումներից կարելի է ենթադրել, որ Յաուկովիչը դեմ է եղել Չեռնոգորիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։

Տղամարդն ապրել է Պոդգորիցայում, սակայն ծնունդով Սերբիայի Կրալևո քաղաքից էր։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.