Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության վերաբերյալ օրինագծերի ընդունմանը

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձևերի ընդունմանը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

«Խստորեն դատապարտում ենք Նիդերլանդների խորհրդարանի որոշումները 1915 թ․ դեպքերը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին։ Եվրոպայի կենտրոնում՝ Սրեբրենիցայում տեղի ունեցած ցեղասպանության վրա աչք փակող պետության այս որոշումը կապ չունի պատմության, ոչ էլ արդարության հետ։ Այդ իսկ պատճառով՝ այս որոշումները չունեն իրավական ոչ մի հիմք», - ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիդերլանդների խորհրդարանը ձայների 142 կողմ 3 դեմ հարաբերակցությամբ ընդունել էր Օսմանյան Կայսրությունում 1915 թ․ հայերի զանգվածային կոտորածը որպես ցեղասպանություն ճանաչելու մասին երկու օրինագիծ։

Նախատեսվում է, որ այս տարվա ապրիլի 24-ին Հայաստան է ժամանելու Նիդերլանդների կառավարության ներկայացուցիչը՝ մասնակցելու Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.