ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի սահմանման մասին բանաձևը չի տարածվում Աֆրինի վրա․ Թուրքիայի ԱԳՆ

Սիրիայի Աֆրինի շրջանը, որտեղ Թուրքիայի Զինված ուժերն իրականացնում են «Ձիթենու ճյուղ» անունը կրող ռազմական գործողությունը, չի ենթարկվում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի № 2401 թվակիր բանաձևի պահանջներին․ այն է՝ հրադադարի ռեժիմի սահմանում։ Այս մասին ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Համի Ակսոյի հայտարարության մեջ․ գրում է ՏԱՍՍ-ը։

Այս կերպ Ակսոյը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Հեդեր Նաուերթին, որն ավելի վաղ կայացած ճեպազրույցի ժամանակ Անկարային կոչ էր արել «ավելի ուշադիր կարդալ ընդունված բանաձևի տեքսը, որպեսզի հասկանան, որ Աֆրինում նույնպես պետք է դադարեցնել մարտերը»։

«Բանաձևում նշված շրջաններում, որտեղ առկա է հումանիտար ճգնաժամի վտանգ, չկա Աֆրինի մասին հիշատակում։ Այստեղ խաղաղ բնակչությանը և ահաբեկիչներին տարբերակելու խնդիր չկա։ Աֆրինում պայքար է ընթանում այն խմբավորումների դեմ, որոնք սպառնում են Սիրիայի տարածքային ամբողջականությանը և Թուրքիայի անվտանգությանը։ Այնպես որ՝ «բանաձևն ուշադրությամբ կարդալու մասին» պետքարտուղարության ներկայացուցչի հայտարարությունը զուրկ է որևէ հիմքից», - ասել է Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդն ընդունել էր բանաձև, ըստ որի՝ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը և հայտարարեն 30-օրյա հումանիտար դադար Սիրիայի ամբողջ տարածքում։ Սա անհրաժեշտ է հումանիտար օգնություն հասցնելու և վիրավորներին տարհանելու համար։

Հատկանշական է, որ կրակի դադարեցման ռեժիմը չպետք է գործի «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ալ-Նուսրա», «Ալ-Քաիդա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ժամանակ։

Բանաձևին կողմ են քվեարկել Անվտանգության Խորհրդի բոլոր 15 անդամները։

Հունվարի 20-ին Թուրքիայի Զինված ուժերն սկսել են «Ձիթենու ճյուղ» անվանումն ստացած ռազմական գործողությունը, որն ուղղված է սիրիական Աֆրինում քրդական «Ազգային ինքնապաշտպանական ջոկատներ» զորամիավորման և «Ժողովրդավարական միություն» կուսակցության դեմ։ Թուրքական բանակի կողմից գործողությանը մասնակցում է նաև «Սիրիական ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զորաջոկատը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.