Մեծ Բրիտանիան կողմ է հակառուսական պատժամիջոցները երկարաձգելուն

Մեծ Բրիտանիան կողմ է հանդես գալիս Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգելուն և դիտարկում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանման հնարավորությունը, եթե հաստատվի Սոլսբերգում տեղի ունեցած միջադեպում «ռուսական հետքի» տարբերակը։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի-ն։

Մարտի 5-ին Ուիլթշիրի ոստիկանությունը հաղորդում էր, որ երկու մարդ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց՝ անհայտ նյութերից ստացած թունավորումներից։ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնի համոզմամբ՝ խոսքը ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր՝ Յուլիայի մասին է։ Սերգեյ Սկրիպալը Մեծ Բրիտանիայում ապաստան է ստացել 2010 թ․՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հետախույզների փոխանակումից հետո, երբ Ռուսաստանին հանձնվեց 10 մարդ, այդ թվում՝ Աննա Չիպմանը։

Նշելով, որ Ռուսաստանը հաճախ խախտում է միջազգային իրավունքի նորմերը և որպես օրինակ բերելով «Ղրիմի բռնակցումը» և Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները՝ Ջոնսոնն ընդգծել է, որ բրիտանական կառավարությունը մշտապես արձագանքում է նման «խախտումներին»։

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության նախկին սպա Ալեքսանդր Լիտվիենկոն, որը գնացել էր Մեծ Բրիտանիայի, մահացել էր 2006 թ․՝ Միացյալ Թագավորության քաղաքացի դառնալուց հետո։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Անդրեյ Լուգովոյի և Դմիտրի Կովտունի հետ ընդհանուր թեյախմությունից հետո։ Լիտվիենկոյի մահից հետո կատարված էքսպերտիզան ցույց է տվել, որ նրա օրգանիզմում կա մեծ քանակությամբ Պոլոնիում-210 ռադիոակտիվ նյութը։ Այս գործով հիմնական կասկածյալը ռուս բիզնեսմեն և պատգամավոր Անդրեյ Լուգովոյն է, որը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ դրանք համարելով բեմադրված։

Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ հարուցված քրեական գործը քաղաքականացված է, իսկ հետաքննության ընթացքը թափանցիկ չէ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.