Ռուսաստանի քաղաքացիների ավելի քան 60%-ը անպայման կմասնակցի նախագահական ընտրություններին

Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների ավելի քան 60%-ը անպայման կմասնակցի մարտի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին եմ վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած սոցհարցման արդյունքները։

Ինչպես գրում է Ռիա Նովոստի-ն, պատասխանելով հարցին՝ արդյոք պատրաստվում եք մասնակցել կամ չմասնակցել այս տարվա մարտին կայանալիք ՌԴ նախագահի ընտրություններին՝ հարցվածների 64,8%-ն ասել է, որ անպայման կմասնակցի ընտրություններին։ 19,9%-ն ասել է, որ «հավանաբար կմասնակցեն», 11,4%-ը՝ չի պատրաստվում գնալ ընտրություններին, իսկ 3,8%-ը դժվարացել է պատասխանել։

«Հասարակական կարծիք» հիմնադրամը ռուսական, ոչ առևտրային կազմակերպություն է, որն զբաղվում է սոցիոլոգիական հետազոտություններով։

Տվյալ սոցհարցումն անցկացվել է մարտի 3-ին և 4-ին Ռուսաստանի 207 բնակավայրերում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 6 հազար քաղաքացի։ Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 2,1%-ը։

Այս ամսվա 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն են առաջադրել ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը, Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին, հեռուստահաղորդավարուհի, «Քաղաքացիական նախաձեռնություն» կուսակցության ղեկավար Քսենիա Սոբչակը, Ռուսաստանի «ժողովրդական միություն» կուսակցության ղեկավար Սերգեյ Բաբուրինը, Վիդնոյե քաղաքային բնակավայրի խորհրդի պատգամավոր Պավել Գրուդինինը, «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության կենտկոմի նախագահ Մաքսիմ Սուրայկինը, Աճի կուսակցության նախագահ Բորիս Տիտովը և «Յաբլոկո» կուսակցության նախագահ Գրիգորի Յավլինսկին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.