Վերջին երկու օրվա ընթացքում Արևելյան Գուտայում զոհվել է ավելի քան 100 մարդ․ ՄԱԿ

Վերջին երկու օրվա ընթացքում Դամասկոսի մերձակայքում գտնվող Արևելան Գուտա բնակավայրում տեղի ունեցող ավիահարվածների և բախումների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Այս մասին լրագրողների հետ զրոյցում հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը․ գրում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով՝ Արևելյան Գուտայում մարտերը և հրետանակոծությունները չեն մեղմանում՝ վտանգի տակ դնելով այստեղի քաղաքացիական բնակչության անվտանգությունը և խոչընդոտելով հարյուր հազարավոր մարդկանց հումանիտար օգնության տրամադրմանը։

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ վերջին 48 ժամվա ընթացքում Արևելյան Գուտայում շարունակվող մարտերի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ։ Փետրվարի 24-ից՝ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից 2401 թվակիր բանաձևի ընդունումից հետո, այստեղ զոհվել են հարյուրավոր մարդիկ, վիրավորվել՝ հազարավորները», - ասել է Դյուժարիկը։

Նա հաստատել է, որ ՄԱԿ-ը, Սիրիայի «Կարմիր մահիկ» կազմակերպությունը և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն սկսված ավիահարվածների պատճառով չեն կարողացել կազմակեպել Արևելյան Գուտայի Դումա բնակավայրի բնակչությանը հումանիտար օգնության տրամադրումը։

Ավելի վաղ Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Յուրի Եվտուշենկոն հայտարարել էր, որ միջազգային հումանիտար կազմակերպությունները որոշել են Արևելյան Գուտա մարդասիրական օգնության ուղարկումը հետաձգել, քանի որ ահաբեկիչները չեն դադարեցնում կրակը։

«Բժիշկներ առանց սահմանների» հումանիտար կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ փետրվարի 18-ից մարտի 3-ը տեղի ունեցած ավիահարվածների, մարտերի և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 1005 մարդ, վիրավորվել՝ 4829-ը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.