Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են Արևելյան Գուտան բաժանել երկու մասի

Մարտի 11-ին սիրիական բանակի զինվորներն ազատագրել են Արևելյան Գուտայի Մդեյրա բնակավայրը։ Այս մասին հաղորդել է SANA լրատվական գործակալությունը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կառավարական ուժերն անցկացված գործողության ընթացքում մայրաքաղաք Դամասկոսի մոտակայքում գտնվող այս շրջանը բաժանել էին հարավային և հյուսիսային մասերի, որպեսզի պայմաններ ստեղծեն հումանիտար միջանցքներով խաղաղ բնակչությանն անվտանգ դուրս բերելու համար։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ սիրիացի զինվորականներին հաջողվել է փակել այն ուղիները, որտեղով ահաբեկիչներին օգնություն է մատակարարվում։ Հաջողվել է նաև կապ հաստատել կայազորի հետ, որին ահաբեկիչներն արգելափակել էին Հարաստ բնակավայրի մոտակայքում։ Սպասվում է, որ կառավարական ուժերն արդեն առաջիկա ժամերի ընթացքում կհայտարարեն Դամասկոսից Հոմս գնացող ավտոմայրուղու մոտակայքում գտնվող այս արվարձանի նկատմամբ լիակատար վերահսկողության մասին։

Սիրիայի կառավարական ուժերն Արևելյան Գուտայում կռվում են ահաբեկչական խմբավորումների դեմ այստեղ Ռուսաստանի կողմից սահմանված հումանիտար դադարների (տեղի ժամանակով՝ 09:00-14:00, - խմբ․) ընդմիջումներին։

Մարտի 11-ին կառավարական ուժերը գրեթե մոտեցել էին ահաբեկիչներին Էֆթերիս բնակավայրում։ Այստեղ «Ջեբհաթ ալ-Նուսրա» ծայրահեղական խմբավորումը պատանդ է պահում խաղաղ բնակիչներին, որոնք ցանկանում են անցնել կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։

Al-Manar հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կառավարական ուժերն այս պահին վերահսկում են Արևելյան Գուտայի տարածքի 54%-ը։ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ իրենք այստեղ շարունակելու են հակաահաբեկչական գործողությունները՝ միևնույն ժամանակ հետևելով սահմանված հումանիտար դադարներին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.