Երուսաղեմի հայ հոգևորականը բացել է Սուրբ Հարության Տաճարի բարեբեր կրակի գաղտնիքը
Սուրբ Զատկի տոնի նախօրեին Երուսաղեմի հայկական միաբանության հոգևորական Սամուել Աղոյանը «Հադաշոտ-2» լրատվականի պատրաստած ռեպորտաժի ժամանակ պատմել է, որ «բարեբեր կրակը» ոչ թե իջնում է երկնքից, այլ այն վառում են հենց հոգևորականները։ Գրում է Israelinfo-ն։
Սամուել Աղոյանը պատմել է, որ ինքը երեք անգամ ներկա է եղել, թե ինչպես են քահանաները վառում յուղի լապտերի մոմերը, ապա դուրս հանում և բաժանում այն որպես «բարեբեր կրակ»։
«Այո, մենք հավատում ենք հրաշքների, սակայն Աստված չի սիրում հրաշքներ գործել «պարզապես մարդկանց ուրախացնելու համար»», - ասել էր Աղոյանը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ հայ քահանային անմիջապես հակադարձել է ղպտի հոգևորականը, պնդելով, որ Աղոյանի ասածը բացարձակ սուտ է։ Նա պահանջել է անմիջապես դադարեցնել նկարահանումը։
Հայ հոգևորականն, իր հերթին, պատասխանելով ղպտի հոգևորականին, ասել է, որ ի տարբերություն հայերի, ղպտիները ներկա չեն լինում «բարեբեր կրակի վառվելուն»։
«Շնորհաբեր կրակը» խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի Հարության լույսը։ Այն վառվում է ամեն տարի Սուրբ Զատկին նախորդող ուրբաթ օրը։