Մեծ Բրիտանիան երկրից արտաքսում է 23 ռուս դիվանագետի

Մեծ Բրիտանիան երկրից կարտաքսի 23 ռուս դիվանագետի՝ կապված ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործի հետ։ Այս մասին, ինչպես հայտնում է Ռիա Նովոստի-ն, խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը։

«Համաձայն Վիեննայի կոնվենցիայի՝ Մեծ Բրիտանիան արտաքսում է ռուս 23 դիվանագետի, որոնք պարզվում է՝ հետախուզության չգրանցված աշխատակիցներ են։ Նրանք ունեն մեկ շաբաթ ժամանակ երկիրը լքելու համար։ Սա վերջին 30 տարվա ընթացքում ամենամեծ միանվագ արտաքսումն է», - ասել է Մեյը։

Նրա խոսքով՝ այս քայլը երկար ժամանակով կխափանի ռուսական հետախուզության գործունեությունը Մեծ Բրիտանիայում։ Մեյը խոստացել է խանգարել Ռուսաստանն, եթե վերջինս «փորձի վերականգել այդ աշխատանքը»։

Մեծ Բրիտանիայի վարչապետն ուղղակիորեն մեղադրել է Ռուսաստանին Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր վրա կատարված հարձակման մեջ՝ խոստանալով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին կոչ անել քայլեր ձեռնարկել Մոսկվայի նկատմամբ։

«Այդ ցավալի միջադեպից հետո մենք չենք կարող մեր հարաբերությունները թողնել նախկին մակարդակի վրա։ Այդ իսկ պատճառով էլ մենք դադարեցնում ենք երկկողմ բարձր մակարդակի բոլոր շփումները՝ չեղարկելով նաև ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերը Լոնդոն», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ հավելելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնականապես խզելը չի բխում Լոնդոնի շահերից, սակայն «երկու երկրների հարաբերությունները չեն կարող այլևս սովորական լինել»։

«Չկա այլ եզրակացություն, քան այն, որ ռուսական կառավարությունն է պատասխանատու Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր նկատմամբ կատարված մահափորձի, ինչպես նաև Սոլսբերիում Բրիտանիայի մի շարք քաղաքացիների կյանքը վտանգելու համար», - շարունակել է Մեյը։

Ինչպես նշում է Ռիա Նովոստի-ն, Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները չեն պատրաստվում Ռուսաստան մեկնել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դիտելու համար։ Առաջնությունը բոյկոտելու մասին, սակայն, խոսք չկա․ Անգլիայի հավաքականը կմասնակցի ֆուտբոլի առաջությանը։

Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Յակովենկոն, իր հերթին, հայտարարել է, որ Մեյի որոշումը «լուրջ սադրանք է»։

«Այն, ինչ կատարեց այսօր բրիտանական կառավարությունը, բացարձակապես անընդունելի է», - հայտարարել է դեսպանը։

ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում 2010 թ․՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հետախույզների փոխանակումից հետո։

Այս տարվա մարտի 4-ին Սկրիպալը և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Անգլիացի իրավապահների պնդմամբ՝ նրանց թունավորել են նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ։

Թերեզա Մեյը հայտարարել էր, որ «մեծ հավանականությամբ Մոսկվան առնչություն ունի այս դեպքի հետ», և պահանջել էր ռուսական կողմին բացատրություն տալ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությունը համարել է հերթական «կրկեսային ներկայացում՝ հիմնված սադրանքների վրա»։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ բրիտանական կառավարությունը չի ներկայացրել ոչ մի ապացույց կամ պաշտոնական հարցում այս գործով։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.