Ռուսաստանը կարտաքսի բրիտանացի դիվանագետների․ Սերգեյ Լավրով

Ռուսաստանն անպայման երկրից կարտաքսի բրիտանացի դիվանագետների՝ ի պատասխան Լոնդոնի կողմից ռուս 23 դիվանագետի արտաքսման, որը կապված է հետախուզության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը․ գրում է ՏԱՍՍ-ը։

«Իհարկե արտաքսելու ենք», - ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։

ՌԴ ԱԳ նախարարը, սակայն, չի նշել՝ Բրիտանիայի դեսպանատան քանի աշխատակից է արտաքսվելու երկրից։

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ավելի վաղ հայտարարել էր ռուս 23 դիվանագետի երկրից արտաքսելու մասին և մեղադրել Ռուսաստանին Մեծ Բրիտանիայի տարածքում «ապօրինաբար ուժ կիրառելու» մեջ։

ՌԴ Հետախուզության գլխավոր վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալն ապաստան էր ստացել Մեծ Բրիտանիայում 2010 թ․՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հետախույզների փոխանակումից հետո։

Այս տարվա մարտի 4-ին Սկրիպալը և նրա դուստրն անգիտակից վիճակում հայտնաբերվել են Սոլսբերի քաղաքի կենտրոնում գտնվող այգիներից մեկի նստարանին։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց․ բժիշկները նրանց վիճակը գնահատում են կայուն ծանր։ Անգլիացի իրավապահների պնդմամբ՝ նրանց թունավորել են նյարդապարալիտիկ նյութի օգնությամբ։

Թերեզա Մեյը հայտարարել էր, որ «մեծ հավանականությամբ Մոսկվան առնչություն ունի այս դեպքի հետ», և պահանջել էր ռուսական կողմին բացատրություն տալ։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունն այս հայտարարությունը համարել է հերթական «կրկեսային ներկայացում՝ հիմնված սադրանքների վրա»։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ բրիտանական կառավարությունը չի ներկայացրել ոչ մի ապացույց կամ պաշտոնական հարցում այս գործով։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.